Կանոնադրություն
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ոչ պարենային արտադրանքիուղղ., թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման և զբոսաշրջության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 06.05.25 N 368-Լ)
2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Տեսչական մարմնի անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին, ՇՎՏՄ
2) ռուսերեն` Инспекционный орган по надзору за рынком Республики Армении, ИОНР
3) անգլերեն` Market surveillance inspection body of the Republic of Armenia, MSIB
4) ֆրանսերեն` Organe d'inspection de la surveillance du marché de la République d'Arménie, ODSDM:
5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները։
7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Կոմիտասի 49/2: