ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած աշխատանքային խումբը պաշտոնական այցով գտնվում էր Հունաստանի Հանրապետությունում
դեկտեմբեր 10, 2024
Սույն թվականի դեկտեմբերի 2-6-ը ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած աշխատանքային խումբը Հունաստանի Հանրապետության Զարգացման նախարարության Արդյունաբերության գլխավոր քարտուղարության հրավերով գտնվում էր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները գործընկերներին են ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթները, վերահսկողության ոլորտները, նպատակներն ու խնդիրները, վերահսկողության ոլորտում կիրառվող գործիքակազմն ու նորարարական մոտեցումները։ Հյուրընկալող կողմն իր հերթին ներկայացրել է Հունաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության հիմնական գործառույթները, կիրառվող գործիքակազմը, նաև՝ նախատեսվող բարեփոխումներին միտված ծրագրերը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, Հունաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության վարչության հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև՝ հետագայում շարունակական փոխադարձ ուսումնական այցեր իրականացնելու վերաբերյալ:
Կողմերն ընդգծել են միջազգային համագործակցության կարևորությունը վերահսկողության գործիքների զարգացման, արդյունավետության բարձրացման և բարեփոխումներին ուղղված համակարգերի ներդրման գործում։