Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

ՄԻՐՏԵԿ բազմաոլորտային և բազմատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների այցը ՇՎՏՄ

փետրվար 24, 2025

Հունաստանի Հանրապետության զարգացման նախարարության համակարգման ներքո գործող ՄԻՐՏԵԿ բազմաոլորտային և բազմատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները' ի դեմս կենտրոնի փոխնախագահ և գործադիր տնօրեն Սկիպիոն Ապոստոլակիսի, փոխնախագահ և թափոնների կառավարման խորհրդի նախագահ պրոֆեսոր Կոնստանտինոս Արավոսիսի, ստուգումների և հավաստագրերի գծով գլխավոր տնօրեն Ջորջ Դրոսոսի, ՄԻՐՏԵԿԻՆ կից գործող կիրառական հետազոտությունների և շրջակա միջավայրի լաբորատորիայի ղեկավար Դոկտոր Պարասկևի Օիկոնոմուի և ՄԻՐՏԵԿԻ տեխնիկական գծով փորձագետ Ջեֆրի դ' Սյուզայի, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հրավերով փորձի փոխանակման շրջանակներում եռօրյա աշխատանքային-ուսումնական այցով գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում։

Աշխատանքային քննարկումներին հրավիրված էին ոլորտային մի շարք գերատեսչությունների' Էկոնոմիկայի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, վեց տեսչական մարմինների, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Ազգային հավատարմագրման մարմնի, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ներկաներին ողջույնի խոսք ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմենը Կոտոլյանը: Վերջինս ընդգծեց միջազգային այս համագործակցության կարևորությունը և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Առաջին օրը բանախոսները զեկույցներ ներկայացրին ջերմոցային գազերի արտանետումների վնասարար ազդեցության նվազմանն ուղղված համալիր միջոցառումների և գործիքների, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի պաշտպանության և կառավարելիության տեսանկյունից ասբեստի և ասբեստ պարունակող նյութերի ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ:

Քննարկումների երկրորդ օրն աչքի ընկավ առավել ինտերակտիվ՝ հարց-պատասխան ձևաչափով, բանախոսները պատասխանեցին ներայացված նյութերի վերաբերյալ ներկաներին հետաքրքրող հարցերին: Այնուհետ, լաբորատորիաների միջև համագործակցութան շրջանակում տեղի ունեցավ ճանաչողական այց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լաբորատորիա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և Ստանդարտացման և չափագիտութան ազգային մարմին: 

Քննարկումների երրորդ օրը նվիրված էր ռիսկի գնահատման գործիքների վրա հիմնված շուկայի վերահսկողության նորարարական համակարգի ներկայացմանը։ Ներկա էին ներկայացուցիչներ վեց տեսչական մարմիններից։ Ծավալվեց օգտակար և արդյունավետ քննարկում։